Օրվա ընթերցում
Օրվա խոսք
«Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»: (Ղուկաս 21:33)
ὁ οὐρανὸς καὶ ἡ γῆ παρελεύσονται, οἱ δὲ λόγοι μου οὐ μὴ παρελεύσονται.
Օրվա պատգամ
Մեզ անհրաժեշտ է Աստծու խոսքը
Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 10․10-17
Սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար, քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (Ես. 28.16)։ Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ Քանի որ «Ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հվլ. 2.32ա)։ Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու. կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։ Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։ Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։
Ավետարան ըստ Հովհաննեսի Գլ. 5․39-47
Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։ Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ ընդունում։ Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու սերը ձեր մեջ չունեք։ Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։ Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել։ Քանզի եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք նաև ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել. իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։